Այն, ինչ այսօր կատարվեց, պետական դավաճանություն էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունից հետո հրավիրված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ավելի ահավոր, ավելի տմարդի, ավելի հակահայկական պետական դավաճանություն, իշխանական մակարդակով ահաբեկչություն մեր պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել: Այսօր Հայաստանում ծայրից ծայր ՀՀԿ-ն, որը գտնվում է հոգեվարքի մեջ, իջեցրել է հրաման՝ պատերազմ տալ սեփական ժողովրդի դեմ»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ կատարվածից հետո պետք է հրաժարական տան Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ պատասխանատվության ենթարկվեն բոլոր գյուղապետերի, քաղաքապետերի, մարզպետների, հանձնաժողովների նախագահների հետ, ովքեր «հազարավոր հայերի մասնակից դարձրին մեղսակցությանը»:
Դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց մինչեւ վաղը ներկայացնել այն պաշտոնյաների ցուցակը, որոնք նրա խոսքով՝ կեղծել են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
«Դրանից հետո մենք պետք է համապատասխան քայլերով արդարությունը վերադարձնենք մեր ժողովրդին, Սերժ Սարգսյանն ու իր վարչակարգը հրաժարական տան եւ ձեւավորվի անցումային իշխանություն… Ոստիկանապետն ու մյուս ղեկավարները պետք է իմանան, որ սադրիչները հասարակ ոստիկանները չեն, այլ իշխանությունը գողացած կուսակցապետությունն է, որի հոգեհանգիստը մենք միասին պետք է կատարենք եւ հույս տածենք, որ այս կուսակցության նոր սերունդը կվերադառնա Նավասարդյանի եւ Նժդեհի արմատներին»,- ասաց նա՝ բոլորին կոչ անելով միանալ իրենց եւ խաղաղ, անարյուն ճանապարհով, նաեւ զոհողության ամեն գնով արդարութուն հաստատել: